ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2023»-ԻՆ

«ԵՐԵՎԱՆ EXPO» ցուցահանդեսային համալիրում ապրիլի 5-ին մեկնարկել է «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2023» 22-րդ կրթության միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան։
Ցուցահանդեսի այցելուներին և դիմորդներին ակադեմիայի ներկայացուցիչները պատմում են իրենց գործունեության, դիմելու կարգի և այլ առաջարկների մասին։
«Տասը տարուց ավելի ՀՀ փաստաբանական ակադեմիան իր գործունեությունն է ծավալում բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձանց կրթական ծառայություններ մատուցելու բնագավառում։ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներ կարող են լինել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, սակայն ուզում են ստանալ փաստաբանական գործունեության արտոնագիր։ Ի տարբերություն բուհական կրթության՝ մենք այդ հենքի հիման վրա փաստաբանական հմտություններ ենք դասավանդում և սովորեցնում ունկնդիրներին, թե ինչպես կարող են գործնականում կիրառել իրենց տեսական գիտելիքները»,- խոսելով ՀՀ փաստաբանական ակադեմիայի գործունեության մասին՝ իր խոսքում նշել է ակադեմիայի գիտագործնական գծով պրոռեկտոր Մանե Կարապետյանը։
Փաստաբանական ակադեմիայում, միայն տեսական փուլում, դասավանդում է 49 դասախոս։ Դասախոսների 65 տոկոսը փաստաբաններ են, իսկ ընդհանուր թվի 42 տոկոսը՝ գիտնականներ։
Ցուցահանդեսը տևելու է 3 օր (ապրիլի 5-7, ժամը 10։00-18։00), անցկացման վայրը՝ ք. Երևան, Հ. Հակոբյան 3։ Մուտքն ազատ է։