2026 թվականի հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի Ալբի քաղաքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Ֆրանսիայի փաստաբանական միությունների ազգային խորհրդի նախագահ Ժյուլի Կուտյուրիեն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված երկու երկրների փաստաբանական համայնքների միջև մասնագիտական կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։
Հուշագիրը ստորագրվել է Ֆրանսիայում անցկացվող «Փաստաբանների ազգային համաժողով 2026» (Convention nationale des avocats) միջոցառման շրջանակներում։ Հոկտեմբերի 21–23-ն անցկացվող համաժողովին մասնակցում է ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական ակադեմիայի պատվիրակությունը՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի, Ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և երկու կառույցների ներկայացուցիչների կազմով։
Հուշագիրը շարունակում է հայ և ֆրանսիացի գործընկերների միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը՝ նախատեսելով փոխգործակցության ընդլայնում փաստաբանական գործունեության կազմակերպման, մասնագիտական կարգավորումների, փաստաբանական էթիկայի, միջազգային իրավունքի, իրավունքի գերակայության և փաստաբանների մասնագիտական իրավունքների պաշտպանության ոլորտներում։
Համագործակցության առանցքային ուղղություններից է փաստաբանների մասնագիտական կարողությունների զարգացումը։ Նախատեսվում է կազմակերպել համատեղ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ և աշխատաժողովներ, փոխանակել մասնագիտական տեղեկատվություն ու փորձ։ Այս ուղղությունը կարևոր է նաև Ակադեմիայի կրթական գործունեության համար՝ միջազգային փորձին ծանոթանալու և մասնագիտական ուսուցման շրջանակներում այն կիրառելու տեսանկյունից։
Համաժողովի միջազգային ծրագրով նախատեսված քննարկումներն ու աշխատաժողովներն անդրադառնալու են փաստաբանական գործունեության արդիական հարցերին։
Մասնավորապես, քննարկվելու են՝
• արհեստական բանականության կիրառման միջազգային լավագույն փորձը,
• միջազգային վեճերի խաղաղ և համաձայնությամբ կարգավորման հնարավորությունները,
• միջազգային քրեական իրավունքի ոլորտում՝ միջազգային և ֆրանսիական դատարաններում փաստաբանների առջև ծառացող մարտահրավերները,
• փաստաբանների մասնագիտական գործունեության պաշտպանությունը և այդ ոլորտին վերաբերող եվրոպական կոնվենցիան,
• ազատությունից զրկման վայրեր այցելելու՝ փաստաբանների պալատների նախագահների իրավունքի ճանաչման հարցը։
Միջոցառումների մեկնարկը տրվել է Թուլուզի «Հայաստան» հրապարակից, որտեղ կանգնեցված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարը։
Այնուհետև, Ալբի քաղաքում տեղի է ունեցել օտարերկրյա պատվիրակությունների պաշտոնական ընդունելությունը։ Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ալբիի դատարան՝ ծանոթանալու Ֆրանսիայի դատական համակարգի գործնական առանձնահատկություններին։




%20-%20539328.jpg)
%20-%20459423.jpg)