ՀՀ փաստաբանական ակադեմիան (նախկին անվանումը՝ ՀՀ փաստաբանական դպրոց) հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրը ՀՀ փաստաբանների պալատն է՝ ի դեմս փաստաբանների պալատի խորհրդի:

ՀՀ փաստաբանական ակադեմիան՝

  1. կազմակերպում և անցկացնում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական ուսուցումը,
  2. կազմակերպում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրների համար անցկացվող որակավորման քննությունը,
  3. կազմակերպում և անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը,
  4. իրականացնում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:

Փաստաբանական ակադեմիայում միայն տեսական փուլում դասավանդում է 49 դասախոս: Դասախոսների 65 տոկոսը փաստաբաններ են, իսկ ընդհանուր թվի 42 տոկոսը՝ գիտնականներ: Ակադեմիայում դասավանդում են նաև հոգեբաններ, դատավորներ և այլ բարձր որակավորում և դասավանդման փորձ ունեցող անձինք։

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթության՝ բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի հատուկ դիմորդ (ունկնդիր) է համարվում բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող այն գործունակ ֆիզիկական անձը, ով ունի առնվազն հինգ տարվա փաստաբանի, դատախազի, քննիչի կամ դատավորի աշխատանքային (մասնագիտական) ստաժ կամ հինգ տարվա իրավաբանի աշխատանքային (մասնագիտական) ստաժ և իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

Ընդունելությունը կատարվում է 2 փուլով՝ գրավոր (թեստ) և բանավոր (հարցազրույց)՝ բացառությամբ հատուկ դիմորդների ընդունելության, որոնց ընդունելությունը կատարվում է միայն 1 փուլով՝ բանավոր (հարցազրույց)։

Ունկնդրի ուսուցումը ՀՀ փաստաբանական ակադեմիայում իրականացվում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Ուսուցումն իրականացվում է երկու փուլով' տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան):

Ուսուցումն իրականցվում է առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (առցանց) կարգով։

Իրավաբանի՝ առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի ուսուցումն իրականացվում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով։

ՀՀ փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրներին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը 10 (տասը) օրվա ընթացքում տրամադրում է հավաստագիր՝ երկու տարի ժամկետով, որն իրավունք է տալիս ունկնդրին հավաստագրի գործողության ժամկետում մասնակցելու փաստաբանի որակավորման քննություններին։