ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ակադեմիայի ղեկավարը՝ ռեկտորը, որին ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

Ռեկտորի իրավասությանն են պատկանում ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի 05.10.2021 թվականի որոշմամբ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արա Զոհրաբյանը:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի 24.11.2022թ. գրանցված կանոնադրության համաձայն՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի հետ անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը համարվել է կնքված չորս տարի ժամկետով, որի ժամկետը սկսում է հաշվարկվել ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 05.10.2022թ. (ՀՕ ՀՕ-366-Ն) օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 2022 թվականի նոյեմբերի 6-ից։

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվը և վայրը

1978թ. ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

Կրթություն

1994-1999թթ. Երևանի Գլաձոր համալսարան իրավաբանական ֆակուլտետ դիպլոմավորված մասնագետ

Գիտական կոչում

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԺԲ.00.04, 2013թ., Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհուրդ

Թեման՝ «Ապացուցման միջոցների հիմնահարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում»

Աշխատանքային և մասնագիտական գործունեություն

2021թ-ից ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

2020թ-ից Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետում քննական հանձնաժողովի անդամ

2016թ-2023թթ. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի անդամ

2013թ-2021թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

2013թ-2021թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ

2013թ-2021թթ.՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

2012թ-ից ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս

2012-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև 08.02.2012թ. համագործակցության հուշագրի շրջանակներում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի համակարգող

2010-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող

2009թ-ից` «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ (այսուհետ` Փաստաբանական գրասենյակ) ՍՊԸ, նախագահ

2009թ-ից` Երևանի Գլաձոր համալսարան, դասախոս

2007- 2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ

2007-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ

2006-2010թթ.` «Լոնդոն- Երևան Կօ» ապահովագրական ՍՊԸ, խորհրդի անդամ

2005-2011թթ.` Երևանի «Մանց» համալսարան, դասախոս

2002-2009թթ.` Փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

2001թ-ից՝ փաստաբանական գործունեության արտոնագիր

2000-2002թթ.` Փաստաբանական գրասենյակի իրավաբան

1999-2000թթ.` «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ, իրավաբան

Մասնագիտական կոչումներ

2015թ. Փարիզի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում

2015թ. Մոնպելիեյի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում

Ընտանեկան դրություն

Ամուսնացած է: Ունի չորս երեխա: Երեք որդի և մեկ դուստր

Ծառայել է Հայոց բանակում:

 

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը`

  1. ղեկավարում է ուսման և փաստաբանների մասնագիտական վերապատրաստման գործընթացը.
  2. հաստատում է ունկնդիրների ուսուցման կազմակերպման ընթացակարգը.
  3. հաստատում է փաստաբանների վերապատրաստման կարգը.
  4. սահմանում է դասախոսների (վերապատրաստողների) վճարների չափերը.
  5. հաստատում է ուսումնական պլանների ժամանակացույցերը.
  6. հաստատում է առարկայական ծրագրերը.
  7. հաստատում է փորձաշրջանի ծրագրերը.
  8. հաստատում է վերապատրաստման ծրագրերը.
  9. ձևավորում է ընդունելության, բողոքարկման, վերահանձնման և փորձաշրջանի, ինչպես նաև այլ հանձնաժողովներ, սահմանում է այդ հանձնաժողովների գործունեության կարգերը.
  10. ունկնդիրների բողոքների հիման վրա վերանայում է վերահանձնման հանձնաժողովի գնահատումները, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի և փորձաշրջանի հանձնաժողովի որոշումները.
  11. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսումնական պլանները.
  12. ունկնդրին ենթարկում է կարգապահական պատասխանատվության.
  13. ունկնդիրների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ.
  14. ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանական ակադեմիայի գույքը, այդ թվում՝ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ՀՀ փաստաբանական ակադեմիայի անունից.
  15. բանկերում բացում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
  16. ներկայացնում է ՀՀ փաստաբանական ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
  17. ՀՀ փաստաբանական ակադեմիայի անունից գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.
  18. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնակարգը և հաստիքացուցակը.
  19. հաստատում է տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգը.
  20. հաստատում է տեխնիկայի օգտագործման, հակահրդեհային անվտանգության, ինչպես նաև սանիտարական մաքրության հետ կապված կանոնները.
  21. հաստատում է ժամկետանց փաստաթղթերի ոչնչացման կարգը.
  22. հաստատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի շրջանավարտների միության կանոնակարգը, ինչպես նաև նշանակում է միության նախագահին.
  23. իր իրավասության սահմաններում արձակում (ընդունում) է հրամաններ, հրահանգներ, որոշումներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
  24. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակիցներին.
  25. սահմանում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների (դեպարտամենտերի) գործառույթները.
  26. սահմանում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.
  27. աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
  28. ընդունում է Խորհրդի իրավասությանը չվերապահված ՀՀ փաստաբանական ակադեմիայի բնականոն գործունեությունն ապահովող ներքին իրավական ակտեր.
  29. խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Խորհրդի նիստերին, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է խորհրդի նիստ հրավիրելու պահանջ.
  30. կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը.
  31. իրականացնում է «Փաստաբանության մասին» օրենքով և ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ (այդ թվում՝ հավելվածներով) նախատեսված այլ լիազորություններ: