ՀՀ փաստաբանական ակադեմիայում ուսուցումը կազմակերպվում է «Փաստաբանության մասին» օրենքի, Կանոնադրության, Խորհրդի և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորի իրավական ակտերի հիման վրա:
Ուսուցումը կազմակերպվում է երկու փուլով՝ տեսական ուսուցում և գործնական ուսուցում։
ՀՀ փաստաբանական ակադեմիայում դասընթացներն անցկացվում են առկա կամ հեռավար կարգով (ձևով), ըստ մասնագիտական ուղղվածության:
Ուսուցման տևողությունը 12 ամիս է, իսկ իրավաբանի` առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի համար՝ 6 ամիս:
Փաստաբանական ակադեմիայում դասերը կազմակերպվում են երեկոյան ժամերին՝ 18.30-21.30-ը, ինչը հնարավորություն է ստեղծում, որպեսզի ուսումը համատեղվի աշխատանքի հետ։
Տեսական ուսուցման փուլում ունկնդիրները սովորում են իրենց համալսարանական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ, կազմում են դատավարական և այլ բնույթի փաստաթղթեր, լուծում են իրավիճակային խնդիրներ։
Դասերը կազմակերպվում են համակարգիչների կիրառմամբ և նախքան Ակադեմիա ընդունվելը հավակնորդները հավաստիացնում են, որ ունեն համակարգչից օգտվելու գիտելիքներ։
Գործնական ուսուցման փուլում ունկնդիրները փաստաբան ղեկավարի մոտ անցնում են փորձաշրջան, որի շրջանակում կազմում են մի շարք փաստաթղթեր և մասնակցում դատական նիստերին։ Գործնական ուսուցման ընթացքում ունկնդիրների համար կազմակերպվում են դատախաղեր, որոնց որպես դատավոր ներգրավվում են դատավորի կարգավիճակ ունեցող անձինք։
Գործնական ուսուցման փուլում ունկնդիրները նաև անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում քաղաքացիներին՝ փաստաբանի հսկողությամբ, դրանով իսկ սովորում են հաճախորդի հետ շփվելու հմտություն։
Ունկնդիրը համարվում է Փաստաբանական ակադեմիան ավարտած, եթե՝
- հաղթահարել է տեսական փուլը, և
- հաղթահարել է գործնական փուլը, և
- ՀՀ փաստաբանական ակադեմիայի նկատմամբ չունի ուսման վարձի գծով պարտավորություն:
Փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրներին Ռեկտորը 10 (տասը) օրվա ընթացքում տրամադրում է հավաստագիր՝ երկու տարի ժամկետով, որն իրավունք է տալիս ունկնդրին հավաստագրի գործողության ժամկետում մասնակցելու փաստաբանի որակավորման քննություններին:
Առկա
Ուսումնական պլանին, առարկայական ծրագրերին և ուսումնական պլանի ժամանակացույցին համապատասխան ՀՀ փաստաբանական ակադեմիայում տեսական դասընթացներն անցկացվում են առկա կարգով (ձևով), ըստ հաստատած դասացուցակի՝
- հիմնականում՝ լսարաններում դասընթացներին անմիջական մասնակցելու,
- լրացուցիչ՝ անցանց ռեժիմով տրված դասընթացներն ուսումնասիրելու և/կամ տրված առաջադրանքները կատարելու և
- լրացուցիչ՝ առցանց ռեժիմով դասընթացներին անմիջական մասնակցելու և
- լրացուցիչ՝ ուսումնական նյութերով ունկնդրի ընթացիկ ինքնուրույն աշխատանք կատարելու միջոցով:
Ուսուցումն իրականացվում է երկու փուլով` տեսական ուսուցում և գործնական ուսուցում (փորձաշրջան):
Իրավաբանի` առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի (այդ թվում՝ հատուկ դիմորդի) ուսուցումն իրականացվում է պարզեցված ընթացակարգով, իսկ մնացած ունկնդիրների ուսուցումը՝ ընդհանուր ընթացակարգով:
Ընդհանուր ընթացակարգով ուսուցման տևողությունը սահմանվում է 12 (տասներկու) ամիս, իսկ պարզեցված ընթացակարգով ուսուցման տևողությունը՝ 6 (վեց) ամիս։
ՀՀ փաստաբանական ակադեմիայում տեսական ուսումնական գործընթացը կազմակերպվում է շաբաթվա 5 (հինգ) օրերի ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ 6 (վեց) օրերի ընթացքում՝ երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ` ժամը 10.00-22.00 սահմաններում։
Տեսական ուսուցման փուլը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի՝ 6 շաբաթ ուսումնական շաբաթին հաջորդում է 2 շաբաթ քննաշրջանը։ Ողջ փուլի ընթացքում այս ձևաչափը կիրառվում է 3 անգամ։
Քննաշրջանի ընացքում ունկնդիրները քննություններ են հանձնում այն դասընթացներից, որոնք սովորել և ավարտել են նախորդ 6 շաբաթվա ընթացքում։
Քննաշրջանների ժամանակահատվածը միաժամանակ հանդիսանում է լուծարքային շրջան, որի ընթացքում կազմակերպվում են նախորդ քննաշրջանի ընթացքում անբավարար գնահատված քննությունների վերահանձնումները։ Անբավարար արդյունքի դեպքում քննության վերահանձնում յուրաքանչյուր առարկայի համար թույլատրվում է մեկ անգամ։
Հեռավար
Հեռավար (դիստանցիոն) կարգով ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը ունկնդրի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով։
Ուսումնական պլանին, առարկայական ծրագրերին և ուսումնական պլանի ժամանակացույցին համապատասխան ՀՀ փաստաբանական ակադեմիայում հեռավար կարգով տեսական դասընթացները որպես կանոն անցկացվում են առցանց ռեժիմով։
Հեռավար կարգով դասընթացներն անցկացվում են Google Meet կամ համարժեք այլ հարթակով՝ առցանց ռեժիմով դասընթացներ անցկացնելու ձևով:
Ունկնդրի ներկայությունը հեռավար կարգով ընթացող դասընթացին համարվում է պատշաճ, եթե միացված է համապատասխան տեսախցիկը և տեսանելի է ունկնդիրը։
Հեռավար ուսուցումն իրականացվում է հետևյալ ձևերով`
- առցանց ռեժիմով դասախոսի և ունկնդրի՝ էլեկտրոնային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդակցման միջոցով (համաժամանակյա միացում՝ այդ թվում առկա եղանակով անցկացվող դասընթացներին),
- անցանց ռեժիմով համապատասխան հարթակում ներբեռնված դասընթացներն ուսումնասիրելու և/կամ առաջադրանքները կատարելու միջոցով,
- ուսումնական նյութերով ունկնդրի ընթացիկ ինքնուրույն աշխատանքով:
ՀՀ փաստաբանական ակադեմիան իրավասու է որոշակի դասընթացներ, ինչպես նաև դատախաղեր և այլ միջոցառումներ կազմակերպել տեղում՝ առկա եղանակով, որոնց հեռավար կարգով ուսուցում անցնող ունկնդիրների մասնակցությունը պարտադիր է։
Առկա և հեռավար կարգերով ուսուցում անցնող ունկնդիրներն ընթացիկ քննությունները հանձնում են ՀՀ փաստաբանական ակադեմիայի լսարաններում, բացառությամբ այն ունկնդրի, ով ռեկտորի կամ ուսումնական գծով պրոռեկտորի կողմից ճանաչված օբյեկտիվ պատճառով չի կարող ներկայանալ քննությանը և հեռավար եղանակով քննությանը մասնակցելը չի խաթարի ակադեմիական արդարությունը և կասկածի տակ չի դնի դրա արդյունքը։
